Համայնքի մասին

Հայ համայնքը Իսպանիայում

Իսպանիայում ներկայումս բնակվում են մոտ 40 հազար հայեր, որոնք մեծամասամբ արտագաղթել են Հայաստանից վերջին 10-15 տարում եւ բնակություն հաստատել հիմնականում Վալենսիայում (մոտ 14.000), Բարսելոնայում (մոտ 12.000), Ալիկանտեում (2000), Լա Ռիոխայում (1500), Սան Սեբաստիանում եւ Բիլբաոյում (300) , Սեվիլիայում (300), Մալագայում (200): Մայրաքաղաք Մադրիդում բնակվող հայերի թիվը հասնում է 8 հազարի եւ նկատելի է աճի միտում: Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում: Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն անդամների թիվը սակավ է:

Մադրիդում ՀՀ դեսպանության բացման պահից նկատելի է համայնքային կյանքի նկատելի վերելք: Առկա կիրակնօրյա դպրոցներին գումարվում են նորերը, ստեղծվում են տարատեսակ հասարակական մշակութային կազմակերպություններ:

2010թ. սեպտեմբերն` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ (եւ ամնիջական օժանդակությամբ) Բարսելոնայում կայացավ «Հայոց տան» բացման շնորհանդեսը:

Հայկական հասարակական կառույցները Իսպանիայում մինչ օրս գործել են ինքնուրույն, հազվադեպ` համակարգված: Սակայն առկա է տարբեր փոքր կառույցների միաձուլման մտադրություն:

Իսպանիայում գործող հայկական եկեղեցի փաստորեն բացակայում է: Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը եկեղեցական արարողություններն իրականացնում է ոչ հայկական եկեղեցիներում` միանվագ վարձակալման եղանակով: Իսպանիայի հայաշատ վայրերում զգացվում է Հայկական եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն եւ առաջին հերթին` մայրաքաղաք Մադրիդում, որտեղ արդեն իսկ ստեղծվել է 12-հոգանոց եկեղեցական խորհուրդ, որը համագործակցությամբ ՀՀ դեսպանության հետ, կզբաղվի նաեւ այդ խնդրանքով:

Հասարակական կազմակերպություններն Իսպանիայում աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ. Նախաձեռնում եւ կանոնավոր մասնակցում են տարատեսակ մշակութային միջոցառումների:

Ամեն տարի հոկտեմբերի 2-3 –ը անց է կացվում Ալիկանտեի ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ցուցադրում են իրենց ազգային մշակույթը, ուտեստը: Այս տարվա տոնավաճառին իր մասնակցությունը բերեց Ալիկանտեի «Հայաստան» միությունը, կատարվեցին հայկական երգեր եւ պարեր: Միության ներկայացուցիչների հոկտեմբերի 12-ին մասնակցեցին նաեւ Ալիկանտեի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Դիվերսալիկանտ» մշակութային փառատոնին, որից հետո քաղաքապետ Սոնյա Կաստեդեին մոտեցել է հայկական տաղավարին եւ հատուկ շնորհակալություն հայտնել «Հայաստան» միության ղեկավար Հասմիկ Քոչարյանին` բոլոր միջոցառումների ակտիվ մասնակցելու եւ Հայաստանը պատվով եւ գեղեցիկ ներկայացնելու համար:

2010թ. հունիս ամսից մինչեւ հոկտեմբերի 29-ը Գրանադա քաղաքի Արքեպիսկոպոսարանը կազմակեպել էր «Փառապանց Խաչ. Հայաստան 1915-1918» խորագրով ցուցահանդեսը, որին ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող լուսանկարչական փաստագրություն, իսկ առանձին պատկերասրահում` նույն թեմատիկայով, նկարիչ Ժանսեմի կտավները: Ցուցահանդեսը այցելել են հազարավոր գրանադացիներ, զբոսաշրջիկներ, ինչպես նաեւ բազմաթիվ կրթական հաստատությունների սաներ` իենց ուսուցիչների ուղեկցությամբ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր