• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ

30 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 30-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը Մադրիդի «Círculo de Bellas Artes» կենտրոնում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Իսպանիայի պետական պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, գործարար և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Ստորև ներկայացնում ենք դեսպան Սոս Ավետիսյանի պաշտոնական ուղերձի տեքստը.

«Հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ ընկերներ

Այս տարի Հայաստանը նշում է իր անկախության վերականգնման 35-ամյակը։ Երեսունհինգ տարի առաջ Հայաստանը վերագտավ իր տեղը պետությունների քարտեզում՝ որպես ինքնիշխան պետություն։

Այս տարեդարձը թե՛ էական հանգրվան է, թե՛ համեմատաբար կարճ շրջափուլ Հայաստանի նման պատմություն ունեցող ազգի կյանքում։ Սակայն երեք ու կես տասնամյակը բավարար ժամանակ է անկեղծ ամփոփումներ անելու համար։ Մենք կառուցել ենք գործուն ժողովրդավարություն, ինչը մեր տարածաշրջանում փոքր ձեռքբերում չէ։ Մենք դիմակայել ենք բազում դժվարությունների և հաղթահարել բարդ մարտահրավերներ, սակայն Հայաստանը դիմացել և անցել է յուրաքանչյուր փորձության միջով որպես պետություն, որպես ազգ և որպես ժողովուրդ, որը վճռական է առաջ տանել իր ժառանգությունն ու ձգտումները։

Ազգի հասունությունը չափվում է ոչ այնքան դժվարությունների բացակայությամբ, որքան նրանով, թե ինչպես է պատասխանում այդ դժվարություններին։ Ես համոզված եմ, որ Հայաստանի պատասխանը՝ ընտրել բարեփոխումը նահանջի փոխարեն և դիվանագիտությունը հուսահատության փոխարեն, ավելին է, քան զուտ խոսքեր։

Այդ ընտրությունն առավել ակնհայտ է Ադրբեջանի հետ մեր ձգտած խաղաղության մեջ։ Անցյալ տարի Վաշինգտոնում մեր երկու երկրները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հանձնառելով ավարտել գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտությունը. հակամարտություն, որը բնորոշում և կաշկանդում էր մի ամբողջ տարածաշրջան։ Խաղաղության հաստատումը ստեղծել է հիմնովին նոր միջավայր, ինչն արտահայտվում է արդեն գործնական դրսևորումներով, ինչպիսիք են ուղիղ առևտրի մեկնարկը և աճող ապրանքափոխադրումները։ Դեռ անելիք կա այդ խաղաղությունն իր վերջնական և կայուն վիճակին բերելու համար, և մենք սթափորեն ենք մոտենում դրան։

Նոր իրողություններն ու տնտեսական դիվանագիտության աճող կարևորությունն արտացոլելու նպատակով Հայաստանն իր արտաքին գործերի նախարարությունը վերափոխել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության։ Այս փոփոխությունն արտացոլում է մեր մտադրությունը՝ արտաքին քաղաքականությունն առավել սերտորեն կապելու միջազգային առևտրի, ներդրումների, տնտեսական համագործակցության և մեր քաղաքացիների բարեկեցության հետ։

Հայաստանի համար խաղաղությունը զիջում չէ։ Այն ռազմավարական ընտրություն է, որը կատարվել է, քանի որ մենք հավատում ենք, որ մեր ապագան կապակցվածության, առևտրի և բաց սահմանների մեջ է, այլ ոչ թե մշտական առճակատման։ Կարծում եմ, որ սա վերջին տարիների առավել կարևոր զարգացումներից է Հարավային Կովկասի և բոլոր նրանց համար, ովքեր շահագրգիռ են Եվրոպայի ու Ասիայի միջև կայուն միջավայրով։ Խաղաղ, կապակցված և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կամուրջ, այլ ոչ թե բաժանարար գիծ՝ նպաստելով անվտանգությանը, բարգավաճմանը և համագործակցությանը Եվրոպայում և դրա սահմաններից անդին։

Խաղաղությունն ու բարեփոխումները, իրենց հերթին, հենց այն են, ինչը Հայաստանի եվրոպական ուղին դարձնում է վստահելի, այլ ոչ թե միայն ձգտում։ Անցյալ դեկտեմբերին Հայաստանն ու Եվրոպական Միությունն ընդունեցին Ռազմավարական օրակարգ, որին հաջորդեց այս տարվա մայիսին կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկը, նոր Կապակցվածության գործընկերության մշակումը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում բարեփոխումների շարունակական իրականացումն ի ցույց են դնում մեր հարաբերությունների աճող խորությունը։

Այս ամենը մեկ օրում չի կատարվում, և մենք գիտակցում ենք դա։ Սակայն մեր ուղղությունն աներկբա է. Հայաստանն իր ապագան տեսնում է Եվրոպայի հետ առավել սերտորեն միահյուսված, իսկ Եվրոպական Միության հետ խորացող ինտեգրումը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային նպատակ՝ հիմնված ընդհանուր արժեքների և գործնական համագործակցության վրա։ Եւ մենք անում ենք այդ ուղղությամբ առաջ գնալու համար անհրաժեշտ քայլերը։

Իսպանիան միշտ հուսալի բարեկամ է եղել այդ ճանապարհին։ 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր երկու երկրները կառուցել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերություններ։ Մեր քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է, ամրապնդվել են նաև առևտրի ու ներդրումների, տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի և բազմակողմ կառույցներում համագործակցության մեր հնարավորությունները։

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ Իսպանիայի ներգրավվածությունը։ Իսպանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը, ինչպես նաև տարածաշրջանում Եվրոպայի կառուցողական դերակատարմանը խորապես գնահատվում է Հայաստանում։

Այս տարի մայիսին Իսպանիայի և Անդորրայի ղեկավարներն այցելեցին Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց իր իսպանացի գործընկեր Պեդրո Սանչեսին։ Հուլիսին մեր արտաքին գործերի նախարարությունները Երևանում անցկացրին քաղաքական խորհրդակցություններ, որոնք գլխավորում էին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և Իսպանիայի արտաքին և համաշխարհային հարցերի պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոն։

Մշակութային փոխանակումները նույնպես նոր հնարավորություններ են ստեղծել մեր ժողովուրդներին մերձեցնելու համար։ Այս տարվա մարտից հունիս Իսպանիայի Ազգային գրադարանը հյուրընկալեց Երևանի Մատենադարանի ձեռագրերի ցուցադրությունը։ Ձեռագրերի մեծ մասն առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանից դուրս, և ցուցադրությունը տեսնելու եկան շուրջ 13.000 այցելուներ։

Առջևում մեզ սպասվում է ավելին՝ առևտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում, միջմարդկային կապերի ամրապնդման գործում, որոնք ավելի են մտերմացնում հայերին և իսպանացիներին։

Սիրելի՛ ընկերներ

Մեր պատմությունը մեզ սովորեցրել է տոկունություն ու դիմակայունություն, բայց անկախությունը մեզ սովորեցրել է նաև նույնքան կարևոր մի բան. դիմակայունությունը պետք է համադրվի պատասխանատվության, բաց լինելու և ապագային նայելու վստահության հետ: Այսօր մենք ձգտում ենք կառուցել պետություն, որը խաղաղ է, ժողովրդավարական, ինքնիշխան, կապակցված և կարող է դրական ներդրում ունենալ իր տարածաշրջանում և ավելի լայն միջազգային հանրության համար։

Երեսունհինգ տարի անց Հայաստանը երկիր է, որը գիտի, թե ինչ է վերապրել, ընտրել է խաղաղությունը գիտակցաբար, այլ ոչ թե լռելյայն, և գերադասում է լինել հասանելի և բաց՝ Եվրոպայի հանդեպ, հարևանների հանդեպ, Իսպանիայի նման գործընկերների հանդեպ: Թո՛ղ առաջիկա տարիները Հայաստանին բերեն կայուն խաղաղություն, ավելի շատ բարգավաճում և հնարավորություններ, և թո՛ղ Հայաստանի ու Իսպանիայի բարեկամությունը շարունակի զարգանալ և ամրապնդվել։ Երախտապարտ եմ, որ այս տարեդարձը նշում եմ ձեզ հետ միասին, և ակնկալիքով առաջ եմ նայում այն ամենին, ինչ մեր երկու երկրները կկառուցեն միասին առաջիկա տարիներին։

Կեցցե՛ Հայաստանը։

Կեցցե՛ Իսպանիան։»

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: